BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կիսաեզրափակիչը լինելու է առանց ակնհայտ ֆավորիտի

Կիսաեզրափակիչը լինելու է  առանց ակնհայտ ֆավորիտի
15.04.2016 | 09:55

Այո: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շարունակությունը կլինի առանց «Բարսելոնի», ու, որքան էլ ցավալի է, այդպես ավելի արդարացի է, քանի որ վերջին շրջանում կատալոնյան ակումբի ցուցադրած խաղը պարզապես հիմարացնող տպավորություն է թողնում: Հասկանալի է, որ յուրաքանչյուր թիմ էլ կարող է որոշակի շրջանում ունենալ խաղային մակարդակի որոշակի անկում: Պատճառները տարբեր կարող են լինել՝ սկսած վնասվածքներից, վերջացրած ներքին խմորումներով: Վնասվածքների առումով թիմում կարծես թե ամեն ինչ կարգին է, երկրորդ, երրորդ, չորրորդ պատճառների մասին որոշակի ոչինչ չգիտենք, ինչպես որ ոչինչ հայտնի չէ ներքին խմորումների մասին: Աշխարհում ոչինչ անհայտ չի մնում, անհայտ չի մնա և խաղային որակի անկման այս պատճառը, սակայն դրանից ոչինչ չի փոխվի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից թիմի դուրս մնալու իրողությունում:

«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»-«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»
Եթե հաշվի առնենք ներքին առաջնություններում կողմերի ունեցած մրցելույթները, փարիզյան ոչ-ոքին (2:2) ՊՍԺ-ի համար միանշանակ անհաջողություն էր, «Սիթիի» համար»՝ հաղթանակ: Եթե հաշվի առնենք Չեմպիոնների լիգայում մինչ այս խաղարկությունն ունեցած կողմերի մասնակցությունը, ոչ-ոքին տրամաբանական սպասումների շրջանակում էր, ինչպես որ հանդիպման ցանկացած ելք: Երկու հանդիպումների արդյունքով ճանապարհը կարող էր շարունակել ցանկացածը: Այդ ցանկացածը եղավ «Մանչեստր Սիթին»՝ նվազագույն հաշվով տարած հաղթանակով: Մրցաշրջանի ավարտին թիմին հրաժեշտ տվող Մանուել Պելեգրինին, ով ակումբ էր հրավիրվել «Սիթիին» եվրախաղարկություններում հաջողության հասցնելու հեռանկարով, եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասամբ կարծես թե հաջողում է: Համենայն դեպս անգլիական ակումբը կիսաեզրափակչում է, իսկ սա նշանակում է, որ այն լավագույն քառյակի մեջ է:

«ՌԵԱԼ»-«ՎՈԼՖՍԲՈՒՐԳ»
Անվիճելի է, որ գերմանական «գայլերն» առաջին խաղում գլխից վեր ցատկեցին՝ «արքայականին» պարտության մատնելով 2:0 հաշվով: Հաջողեցնեին նրանք մի գոլի հեղինակ էլ դառնալ «Սանտյագո Բեռնաբեուում», դժվար կլիներ երաշխավորել «Ռեալի» հետագա մասնակցությունը խաղարկությանը: Երկրորդ խաղը ցույց տվեց, որ մադրիդցիների ունեցած խաղային որակներն առնվազն մի իշաբեռ արժեն: Ինչ վերաբերում է Ռոնալդուի հեթ տրիկին, բառերն ավելորդ են: Պորտուգալացին ևս մեկ անգամ հավաստեց, որ մնում է մեր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ մարդ, ով կարող է անգամ միայնակ որոշել հանդիպման ճակատագիրը, թեպետ խաղում դժվար է «արքայականի» որևէ ֆուտբոլիստի թերացման մեջ մեղադրել: 3:0-ն միանգամայն օրինականորեն ու օրինաչափորեն «Ռեալի» առջև բացեց կիսաեզրափակչի դռները: Ինչ վերաբերում է մրցակցին, խաղարկության մեկ քառորդում հայտնվելն իսկ նրա համար արդեն պատմական հաջողություն էր: Բոլոր դեպքերում «Վոլֆսբուրգը» հեռանում է գլուխը բարձր:

«ԲԵՆՖԻԿԱ»-«ԲԱՎԱՐԻԱ»
«Բենֆիկայի» վրա եղած անեծքից մեր ընթերցողը տեղեկացված է, ուստի չկրկնենք: Սակայն, սրանով հանդերձ, կողմերի առաջին հանդիպման արդյունքը՝ 1:0, լավատեսության որոշակի հիմքեր չէր կարող չտալ պորտուգալացիներին: Պատասխան հանդիպումը եղավ բացառիկ լարված: Տանտերերը, ճիշտ է, չհաղթեցին, սակայն այս օրերի «Բավարիայի» հետ ոչ-ոքի խաղալը (հանդիպումում արձանագրվել է 2:2 հաշիվը) քիչ բան չի նշանակում: Բավարացիները կիսաեզրափակչում են, և սա նույնպես օրինաչափ է, ինչը, որպես բնութագրական, թերևս չի կարելի կիրառել հաջորդ հանդիպման առնչությամբ, թեպետ «Աթլետիկոն» արդեն քանի տարի է` ապացուցում է իր բարձր մակարդակի թիմ լինելը:

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Մինչև Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի վիճակահանությունը խոսքն այն մասին էր, թե ով է լինելու կատալոնյան ակումբը մրցակից ունենալու դժբախտը: Ճակատագրի հեգնանքով այդ մեկը դարձավ «Աթլետիկոն»: Պիտի որ հիշեք՝ վիճակահանությունից հետո վախվորած հիշեցումներ եղան, որ երկու տարի առաջ այս նույն փուլում դարձյալ այս նույն զույգն էր, ու մադրիդցիները վերջնահաշվում հաղթեցին, սակայն դա լրջորեն չընդունվեց, որովհետև բոլորի միահամուռ կարծիքով՝ ընթացիկ մրցաշրջանում կատալոնցիներն այլմոլորակային խաղ էին ցուցադրում: Կողմերի առաջին հանդիպման արդյունքը մարզասերին հայտնի է: «Աթլետիկոն» որքան էլ ատամ կրճտացրեց, այդուհանդերձ դաշտից հեռացավ պարտված՝ 1:2: Պատասխան խաղում առաջին գոլի իրավատերը նույնպես մադրիդցիները եղան: Անգամ այն ժամանակ, երբ նրանք խփեցին երկրորդ գոլը, դժվար էր հավատալ, որ դա վերջն է, քանի որ այդ երկուսին կատալոնցիները պատասխանեին մեկով, կառաջանար լրացուցիչ խաղաժամանակի հնարավորություն: Չլիներ մրցավարի կոպտագույն սխալը, ամեն ինչ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլիներ: Սակայն Նիկոլա Ռիցոլին կայացրեց հանդիպման ու թերևս նաև իր համար ճակատագրական որոշում՝ չնշանակեց հարյուրտոկոսանոց տասնմեկմետրանոցը, թեպետ, եթե անկեղծ, նման խաղով «Բարսելոնը» միանշանակ արժանի էր պարտության:
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը լինելու է առանց ակնհայտ ֆավորիտի, ու միանգամայն դժվար է ասել՝ եզրափակչում ականատես կլինենք «Բավարիա»-«Ռեա՞լ», թե՞ «Բավարիա»-«Աթլետիկո» դիմակայության: Իհարկե, ընթերցողը կշտապի տարակուսել, թե, ախր, կիսաեզրափակչի վիճակահանությունը չեղած, եզրափակչի այս ի՞նչ զույգ ենք հրամցնում, առհասարակ ի՞նչ տրամաբանությամբ ենք բացառում «Մանչեստր Սիթիի» գործոնը: Ես էլ ասում եմ՝ կոտրված սրտով մարդ եմ, ի՞նչ եք ինձնից ուզում: Թողեք մենք էլ մեր դարդով տապակվենք: ՈՒ, որպես հավելում, հազար վայ մեզ, այսինքն՝ ինձ, որ դեռ սիրտ ունեմ այս խառնակ օրերում, այս սահմռկեցուցիչ կորստի պայմաններում ինչ-որ բան գրելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ